Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետներ:
«ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սա, ըստ Արցախի ՊՆ–ի, 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Ի դեպ, այսօր օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:
Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ապրիլի 21-ին՝ 13:07-ի սահմանում, խոցել էին ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարք: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: