Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների միջև, իհարկե, տհաճ է, բայց դրանից ողբերգություն սարքելու կարիք չկա։
Մենք տեսնում ենք, թե աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ արևմտյան զարգացած պետությունների խորհրդարաններում ինչպիսի բանավեճեր են լինում, փոխադարձ մեղադրանքներ և ընդհուպ ծեծուջարդ։
Ընդհանուր առմամբ, խորհրդարանը հենց կարծիքներ փոխանակելու, տեսակետների բախման և դրանց արդյունքում օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչելու վայր է, բայց ԱԺ ամբիոնը միաժամանակ սեփական ընտրազանգվածին հաշվետվություն ներկայացնելու հարմար տեղ է, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր կամ քաղաքական ուժ իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչպես է իրականացնում տված խոստումները։
Հայկական իրականությունը արևմտյան զարգացած երկրների իրականությունից ընդամենը տարբերվում է նրանով, որ եթե Արևմուտքում խորհրդարանական բանավեճերն ու կռիվները կարող են դառնալ ԶԼՄ-ների համար լավ թեմա և ավարտվել դրանով, ապա Հայաստանում և սփյուռքահայության շրջանում բոլորը իրենց պարտքն են համարում մասնակցություն ունենալ բախումներին, ծափահարել կամ հայհոյել որևէ գործչի, անվանել ազգի դավաճան կամ փրկիչ, հաշվեհարդարի կոչ անել։ Ատելության խոսքը և անհանդուրժողականությունը հանրության տարբեր մակարդակներում հսկայական տեղ է զբաղեցնում՝ իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ խորհրդարանականների առումով բանավեճերն ու փոխադարձ վիրավորանքները եղել են նախկինում, կլինեն նաև ապագայում, թեև ես հարգում եմ ադեկվատ, կառուցողական և ամենակարևորը՝ գրագետ պատգամավորների»։