Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (Covid-2019) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում 18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիները։
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալու`
- ուսանողներին ծանոթանալու համակարգչային գիտությունների հիմունքներին,
- հաղորդելու C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
- ձևավորելու կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
- զարգացնելու ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն,
- նպաստելու ուսանողների ինքնակրթությանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ այլ որորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցումկատարողսկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման նպատակով, որի գնահատման մեխանիզմի մանրամասները ներկայացված են նախարարության կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ: