ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գտնվելու վայրը ՀՀ իրավապահներին հայտնի չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մենք այսօր մեկ պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ տարածքում չի գտնվում»,- ասաց նա՝ պատասխանելով Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզման ու նրա՝ սոցիալական տիրույթում բավական ակտիվ գործունեության մասին հարցին:
Դավթյանը նաև շեշտեց, որ միջազգային հետախուզումը պետք է իրականացվի նաև արտասահմանյան երկրների իրավապահ մարմինների աջակցությամբ:
Այդուհանդերձ, դատախազը չհերքեց, որ Միքայել Մինասյանի նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևաբար նրա վերաբերյալ հրապարակված բոլոր փաստերը (այդ թվում՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կողմից) պետք է դիտարկել իբրև մինչդատական վարույթում ձեռք բերված տեղեկություններ:
Հիշեցնենք` փետրվարի 26–ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել էր` Մինասյանը չի ներկայացել նախաքննական մարմին:
Ապրիլի 22-ին նրա պաշտպանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։