ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի ժամը 14:50-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի զբոսայգում, 16-ամյա տղան, իր դրսևորած վարքագծի համար դիտողություն ստանալով 35-ամյա համաքաղաքացուց, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: