Սեւան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ գյուղի հատվածում Սեւանա լճի ջրերի հետեւանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում:
«Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել ու քանդվել է ճանապարհի հիմքը 400 գծամետր երկարությամբ, փլվել են կողնակը եւ երթեւեկելի մասից որոշակի հատված: Այս ծրագրով նախատեսվում է հիմքի ամրացում եւ գաբիոնային շարվածք՝ շուրջ 3 300 խորանարդ մետր ծավալով, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում 3 500 քառակուսի մետր մակերեսով, արգելապատնեշի տեղադրում 345 գծամետր երկարությամբ եւ կահավորում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:
Խոսրով Խլղաթյան