ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանն այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց՝ դրսից ստացվող գումարները, իսկ հետո…
Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտները:
Հիշո՞ւմ եք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ, ես առաջինն էի, որ, հիմք ընդունելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունները՝ սկսեցի խոսել համընդհանուր հայտարարագրման ներդրման և դրա վտանգների մասին: Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, և երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:
Հենց այս բարդ փուլում համընդհանուր հայտարարագրման մասին հիշելը պատահական չէ, քանի որ այս ինստիտուտի ներդրումը ունենալու է հեռահար հետևանքներ
Համընդհանուր հայտարարագրումը նշանակում է բոլոր եկամուտների, այդ թվում` նաև ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց հպարտ հայրենակիցների կողմից ուղարկվող տրանսֆերտների հայտարարագրումը, այսինքն` կառավարությունը հատ առ հատ ստուգելու է, թե իր քաղաքացիներն այդ թվում դրսից ինչքան եկամուտ են ստացել:
Սրա հիման վրա Կառավարությունը նախ զրկելու է տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից նման տրանսֆերտներ ստացող քաղաքացիներին: Ժողվարչապետը անչափ շատ է սիրում հաշվել իր քաղաքացիների հաշվին ամեն մուտքը և հարմար առիթը բաց չի թողնելու, նույնիսկ չնչին դրամական հոսքի դեպքում քաղաքացիներին աջակցությունից զրկել` մի պարզ տրամաբանությամբ` եթե կա դրսից օգնող հայրենակից, ապա վարչապետը ու իր թիմը ինչո՞ւ պետք է անհանգստա իր քաղաքացու բարօրության համար:
Փաստացի վարչապետը երեկ նույնիսկ չխորշեց ցույց տալ իր այդ մտադրությունը, երբ հաստատեց, որ այս երկրում չկա ոչ մի բանկային գաղտնիք, որ իրեն հասանելի չէ՝ հրապարակելով բանկային ավանդ ունեցող քաղաքացինեդի քանակի ու չափի մասին տեղեկատվություն: Նա հաշվում է շարքային քաղաքացիների փողերը, որ զրկի նրանց նպաստից, օգնությունից։ Մեկը չկա նրան ասի, որ այդ տեղեկատվությունը ԳԱՂՏՆԻՔ է։
Ի վերջո, համընդհանուր հայտարարագրումը բերելու է նաև երբեմն նույնիսկ չնչին դրամական մուտքերի հարկմանը: Չփորձեք համոզել, որ պետությունը հսկայական ջանք ու եռանդ դնելու է համընդհանուր հայտարարագրման համար` առանց որևէ շոշափելի դրամական ակնկալիքի: Առհասարակ, պետությունը հարկում է այն եկամուտը, որի ձևավորման մեջ ինքը ներդրում ունի, նվազագույնը բարոյական չէ այլ պետությունում թեկուզ սեփական հայրենակցիդ աշխատածը հարկելը։ Ստացվում է՝ և՛ այստեղ հարկվի ստացողը, և՛ այնտեղ՝ ուղարկողը։ Սա է Նիկոլի մտածողության ձևը։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայսաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որևէ տեղեկատվոււթյուն` սկսած բանկային գաղտնիքից, վերջացրած անձնական տվյալներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետևաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքը ունի անքակտելի բարոյական իրավունք՝ քրքրել նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը»: