Հայաստանում մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ը` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30 397 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 44 (ավելացել է ևս 1-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։
Աննա Գրիգորյան