Հայաստանը նոյեմբերի 28-ին ճանաչվել է տարածաշրջանային հաղթող Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում:
Շվեդիայում տեղի ունեցած իրադարձությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ընդգծել բոլոր այն երկրների և կառույցների կարևորությունը, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում:
Հայաստանը 2016թ.-ին առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է՝
- Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման համար,
- «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար:
Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին:
Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը: Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն է ապահովել նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:
Ընդհանուր առմամբ 2016թ.-ի ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70 000 մարդ, որոնց շարքում են աշակերտները, ուսանողները, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն:
Հիշեցնենք որ, Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International)-ը ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով հասցրել է կրթել շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ համագործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի ակտիվ համագործակցում է վերջինիս հետ: