ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսայանն այս մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը:
«Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակում է մեր երկրի ամենախնդրահարույց ոլորտներից մեկը մնալ: Խնդիրը հատկապես սուր է մասնավոր հատվածում: Ուզում էի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս օրերին հնչող ահազանգերի վրա, որոնք պայմանավորված են արտակարգ դրությամբ: Դա ավելի ցայտուն է դարձնում, որ այս ոլորտում կարգավորման խնդիրներ ունենք: Օրինակ տնտեսավարողները աշխատակիցներին արգելում են այս օրերին օգտվել համապատասխան սոցիալական ծրագրերից կամ ուղարկում են չվարձատրվող արձակուրդի»,- ասաց Իսայանն ու նկատեց՝ այդ ահազանգերը տեղ կգտնեն ՄԻՊ-ի մյուս տարվա զեկույցում:
Պատգամավորը բերեց նաև արտակարգ դրությամբ չպայմանավորված մեկ այլ օրինակ: Պագամավորի խոսքով՝ կան դեպքեր, երբ աշխատողին աշխատանքից ազատում են բարեկամական կապերի կամ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու հետևանքով:
Աննա Գրիգորյան