Հովվաշունը երախով բռնել է տարեց կնոջ կոկորդից ու թափահարել. փեսան վրեժ է լուծել զոքանչից
Advertisement 1000 x 90

Հովվաշունը երախով բռնել է տարեց կնոջ կոկորդից ու թափահարել. փեսան վրեժ է լուծել զոքանչից

Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակչուհին մայիսի 10-ին, ժամը 00:40-ին զանգահարել է ոստիկանություն ու պատմել, որ ամուսինը դաժանաբար սպանել է իր 78-ամյա մորը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ոստիկանություն դիմած կինը ասել է, որ ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը տարել է տուն, բաց թողել տարեց կնոջ վրա: Շունը հոշոտել է կնոջը, ինչի ահետևանքով նա մահացել է:

Քննության արդյունքում պարզվել է, որ 36-ամյա փեսան իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ձևավորված վրեժի շարժառիթով, 78-ամյա կնոջը սպանելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել: Ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից կինը մահացել է:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

armeniasputnik.am