ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միևնույն է, չեմ հոգնելու. ասել եմ ու էլի կասեմ, արհամարեք` մեկ է հոգիս, սիրտս, արժեքներս ու գիտակցությունս ինձ պարտադրում եմ նորից ու նորից կրկնել:
Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում, ժպտում անցնում էին, լսում, արհամահրում էին, լսում, համաձայնում ու մոռանում գնում էին։ Երևի ժամանակից առաջ էի ընկել։
Դատելու ունակությունը չկորցրած յուրաքանչյուրը կտեսնի, որ հասել ենք մի կետի, երբ հաստատ կարելի է ասել՝ բերենք տեսնենք էդ ինչի՞ մասին էր էդ Թևանը Պողոսյանն էսքան ժամանակ առավոտից երեկո կոկորդ պատռում։ 2018-ին նախորդ իշխանությունն էր անտարբեր, նորն էլ մի առանձնահատուկ հրճված չէր, հիմա ոնց որ արդեն երկու տարվա վաղեմության իշխանությունն է անտարբեր, բայց, հուսամ, որ նախորդները կլինեն ականջալուր. ժողովուրդ, նստեք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Վարի ենք տալու էս ամեն ինչը։ Եկե՛ք, գտե՛ք այդ համատեղ, միասնական ապագային միտված կոնսենսուսը, բանակցե՛ք, կարմիր գծերը ուրվագծեք ու դրանով շարժվենք առաջ։
Հուսամ, այս անգամ կրկին պատմությունից առաջ չեմ ընկել։ Պարզապես հայը, այլ հայի վնասելով, իր համար ազնիվ ապագա կառուցել չի կարող. մյուսի թոռներն այդ պատմությունն իրենց ձևով են պատմելու։ Եկեք դադարենք իրար քայքայել։ Եկեք արդեն բացած վերքերը բուժենք՝ առանց նորերը բացելու։ Եկեք պարզապես նորը կառուցենք։
Եկեք նստենք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Մեզ միասնություն է պետք։ Խնդրում եմ։
Հ.Գ. Հանուն Արցախի, հանուն մեր միասնական անվտանգության, հանուն մեր ապագա սերնդի ու հանուն մեր երազած համատեղ հզոր հայրենիքի՝ մենք պարտավոր ենք իրար, մեր ծնողների, զավակների, թոռների, ծոռների, կոռների սովորենք իրար հետ ապրել, գնալ համատեղ զիջումների, որ կարողանանք դիմակայել դրսից պարտադրվողներին, դրսից եկող ու սպասվող հարվածներին։ Խնդրում եմ»: