Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ընկերությունների հետ քննարկում է, թե ինչպե՞ս և ո՞րտեղ են ավտոբուսներում մուտքերի մոտ տեղադրվելու ախտահանող լուծույթով սրվակները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։
Գալստյանը հիշեցրեց, որ հանրային տրանսպորտը Երևանում կսկսի գործել մայիսի 18-ից, սակայն արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, երթևեկության ժամանակ ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոց։ Նրանք նաև պետք է ունենան մանրադրամ, որպեսզի հնարավորինս խուսափեն վարորդից մանրը վերցնելու և փողին քիչ դիպչելու առիթներից։ Եվ վերջապես հանրային տրանսպորտ բարձրանալիս` մուտքի մոտ ուղևորները ստիպած կլինեն սպիրտային գելերով ախտահանել ձեռքերը։
Այժմ քաղաքապետարանը մետրոպոլիտենի, մայրաքաղաքի տրոլեյբուսային և ավտոբուսային պարկերի, ինչպես նաև ավտոբուսների և երթուղայինների մասնավոր օպերատորների հետ քննարկում է, թե ինչպե՞ս և կոնկրետ տրանսպորտային միջոցի սրահում ո՞րտեղ են տեղադրվելու ախտահանող գելերով սրվակները, որպեսզի ուղևորները կարողանան հեշտությամբ հասնել դրանց և այն արագ լցնեն ձեռքի ափերի մեջ (որպեսզի ավտոբուս մտնելիս հերթ չգոյանա)։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am