
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում մայիսի 16-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով կա տուժած և եղել է գազի արտահոսք։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել է մայիսի 16-ին ժամը 03։32-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Խաչիկ Ն․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Սպանդարյանի հուշարձանի պատնեշին։ Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։