ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հհմմմ…
Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։
Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։
Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ և միգուցե այս պահանջը տրամաբանական է ,սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։
Տեսեք,պաշտպանիչ դիմակը արժի միջինը 150֊250 դրամ,ձեռնոց 50֊100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի, թե՛ դիմակը, թե՛ ձեռնոցները ՉԻ ԿԱՐԵԼԻ կրել երեք ժամից ավել։
Հիմա պարզ հաշվարկ.ենթադրենք` մարդը տանից միջինը բացակայում է ,օրվա ընդացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում մի երկու ժամ տուն հասնել, առևտուր խանութում,կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։Հիմա ստացվում է ,որ մարդը պետք է նվազագույնը երեք անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ֊ձեռնոցները,փաստորեն օրը հավելյալ ծախսի 600֊1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18֊30 հազար դրամ միայն մեկ մարդու հաշվարկով,իսկ եթե ընտանիքում աշխատում են 2֊3 մարդ,ապա ծախսերը բնականաբար կրկնապատկվում և եռապատկվում են։
Կներեք հազար անգամ,բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ,այն էլ այս «նեղ մաջալին»։
Կասեք`դե ինչ խնդիր է որ,թող մի դիմակով յոլա գնա մարդը օրինակ մի քանի օր…շտապեմ այս դեպքում հիասթափացնել ,որ եթե երեք ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորի,քանզի դիմակը աղտոտվում է և ասեմ ավելին դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր,քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ» ։
Ինչ՞ անել.
1.Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները,` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները,քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար,որ օրինակ դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։Կամ եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ կարողանում է հիմնավորել ,որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ,ապա ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։
2.Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է ԱՆՎՃԱՐ ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ,թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն…)
Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում»: