
Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշի ծայրամասում հզոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են բնակիչները: Կրակի մարմանը մասնակցում է հրշեջ ավիացիան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են ոստիկանության և հրշեջ անվտանգության մամուլի ծառայությունից:
«Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները Բեյթ Շեմեշում պայքարում են կրակի դեմ: Որոշ տների բնակիչներ տարհանվել են»,-ասվում է Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Երուսաղեմի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրշեջ ջոկատները փորձում են կանխել կրակի տարածումը Բեյթ Շեմեշի մոտակայքում՝ նախագահական անտառային տարածքում, որտեղ բռնկումները սպառնում են բնակելի շենքերին:
Օգնության են հասել նաև հարևան շրջանների ստորաբաժանումները: Ներկայիս փուլում «Էլադ» հրշեջ ավիացիայի ջոկատն աջակցում է հրդեհի մարմանը օդից:
Հրդեհների տարածման պատճառ է դարձել չափազանց շոգ եղանակը: Երուսաղեմում շաբաթ օրը օդի ջերմաստիճանը հասել է 40-ի:
Պատրաստեց Անժելա Համբարձումյանը