
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակչուհի Համակո Մորին ճանաչվել է մոլորակի ամենատարեց գեյմերը: Կինն 90 տարեկան է, և նա 39 տարի է, ինչ վիդեո խաղեր է խաղում, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
Մորիի համար տեսախաղերի հետ ծանոթությունը սկսվեց 1981 թվականին՝ Cassette Vision խաղային համակարգով: Ըստ գեյմերի՝ նա սկսել է խաղալ երեխաների շնորհիվ:
«Երբ ես սկսեցի, պարզապես սարսափելի էի խաղում: Իհարկե, խաղալը զվարճալի է, բայց ոչ ոք չի սիրում պարտվել: Իսկ ես հաճախ էի պարտվում»,- ասել է Մորին:
Այժմ ճապոնուհին օրական 7-8 ժամ է ծախսում խաղերի վրա:
Մորին նշել է, որ իրոք վայելում է կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը