Հովհաննես Ավետիսյան. «Նիկոլը կարծես հավատում է իր այս անիմաստ գործընթացի կարևոր լինելուն»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Նիկոլը կարծես հավատում է իր այս անիմաստ գործընթացի կարևոր լինելուն»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Այս փաստերի հրապարակում կոչեցյալը մեկ անգամ եմ դիտել` առաջին անգամ արվածը: Դրանից հետևությունս նա էր, որ սա ընդամենը կրկես է և աղերս չունի, ո՛չ պետական կառավարման թափանցիկության կամ հաշվետվողականության, ո՛չ էլ, առավել ևս, տրված քաղաքական խոստումների իրականացման հետ:

Նաև նկատել եմ, որ Նիկոլը կարծես հավատում է իր այս անիմաստ գործընթացի կարևոր լինելուն, ինչը կառավարման մեջ դրական տեղաշարժեր ունենալու հեռանկարը անհուսալի տխուր է դարձնում:

Ինձ համար, որպես պետական կառավարման մասնագետի նաև քաղաքական մտածողություն ունեցող անձի, արդեն անբեկելի փաստ է, որ Նիկոլի կառավարությունը խորությամբ ձախողել է` անվերադարձ ու անշրջելի: Իսկ սրա գլխավոր պատճառը ինքն է` իր սահմանափակ աշխարհընկալմամբ և ունակություններով:

Սա ինձ համար իրականում ցավալի է. ես իրոք շատ եմ ուզել, որ այս կառավարությունը հաջողի: Ուզել եմ որովհետև կողմ եմ եղել արմատական և կտրուկ փոփոխությունների, ինչին նաև անվանում են հեղափոխություն: Ես շարունակում եմ կողմ լինել սրան, առանց թեկուզ մեկ ակնթարթ, կասկածի: Երկրի ղեկավար Նիկոլից իմ միակ պահանջը, որպես քաղաքացի, կայանում է հետևյալում:
Չշեղվել հեղափոխության օրակարգից և իրականություն դարձնել տրված խոստումները: Իսկ այդ շեղումը օրեցօր ավելի է խորանում և գնում դեպի անորոշություն:

Այս ամենի իմ կարճ գնահատականը հետևյալն է: Քաղաքական կամքը բավարար չէր: Այն երերաց և սկզբունքային չգտնվեց օլիգարխիայի հետ առաջին իսկ առերեսման պահից: Այնուհետ այդ առերեսումները տեղի ունեցան գաղութարարների հետ և նրանք կրկին ընկրկեցին: Այնուհետ և շարունակաբար նրանք խրվեցին փտած և կոռումպացված պետական համակարգի պաշտոնյաների ստեղծած ճահճում` դառնալով դրա պաշտպանը, սպասարկուն և միաժամանակ` զոհը:
Այս ամենով հանդերձ ականջալուր չեղան մեզ` նոր ժամանակների պետական կառավարման գիտելիքներ կրողներիս: Անտեսեցին ժամանակակից ունակությունների և գիտելիքի կարևորությունը` պետական կառավարման մեջ հաջողելու հարցում: Իսկ սա 20-րդ դարում արմատավորված և 21-րդ դարում կայացած և կոփված փաստ է` առանց գիտելիք պետական կառավարումը դա կառավարման ձախողումն է (ես ամբողջական տեխնոկրատական կառավարման կողմնակից չեմ): Միայն ազնվությունը և բարի ցանկությունները շատ քիչ են:

Սա իմ կարճ գնահատականն է ուղղված այս կառավարության ձախողումների բնույթին, և ինձ համար միակ փաստը, հիմա և այս պահին, սա է:
հ.գ.
Քանի որ իմ քննադատությունները և տեսակետները շատ մարդկանց մոտ կշիռ ունեն, ինչի համար շնորհակալ եմ, պարտավորված եմ զգում ավելի բաց ու հասկանալի լինել: Եվ դրա համար վաղը մի կարճ փաստաթուղթ կհրապարակեմ (մեկ էջ), որում նշված կինի Հայաստան աշխարհի խնդիրների շուրջ իմ ընկալումները: Որոնց գիտակցումը և դրանք հաղթահարելու հավատը իմ մտքերի և գործողությունների հիմքն են»:



Նման նյութեր