ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Գործող օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ ինչպես մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով: Սակայն ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, օրինակ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որոնք համադրելի չեն, ասենք, կոնտակտավոր անձի կողմից մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով վերջինների հանրային վտանգավորությունը: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ դրա համար էլ ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ:
Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ստացման համար առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախատեսված է 3 ժամ, ևս 3 ժամ՝ գլխադասայաին հանձնաժողովի նիստի և եզրակացության համար: Այսպիսով երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա այսօր՝ մայիսի 19-ին:
Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:
Աննա Գրիգորյան