Լա Հոյայի Իմունաբանության ինստիտուտից գիտնականները COVID-19-ից ապաքինվածների շրջանում առաջին անգամ հայտնաբերել են ուժեղ իմունային պատասխան SARS-CoV-2 վիրուսի դեմ: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլ հաղորդագրության մեջ:
Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իմունիտետը կարող է նոր կորոնավիրուսը ճանաչել տարբեր եղանակներով, և ցրել են այն մտավախությունները, որ արդյունավետ պատվաստանյութի մշակման ջանքերը կարող են անօգուտ լինել:
Մասնագետները կանխատեսել են, թե SARS-CoV-2-ի սպիտակուցների որ հատվածներն են ունակ ակտիվացնել մարդկային Т բջիջները՝ լիմֆոցիտներ, որոնք կարող են ճանաչել և ոչնչացնել օտարածին հակագեների կրողներին: Մասնագետներն այնուհետև ստուգել են՝ կարո՞ղ են արդյոք COVID-19-ից բուժված մեծահասակների մոտ արտադրվող Т բջիջները ճանաչել այն նույն սպիտակուցային հատվածները: Վերջինները միավորվել են երկու մեծ խմբի կամ մեգամիավորման մեջ: Առաջին մեգամիավորումը ներառում էր բոլոր սպիտակուցները, բացի «սեպ»-սպիտակուցը (S սպիտակուց), իսկ երկրորդը պարունակում էր S սպիտակուցի տարատեսակները, որոնք առանցքային դերակատարում ունեն տիրոջ բջջի մեջ վիրուսի ներթափանցման գործում:
Հետազոտությանը մասնակցել են 20 պացիենտներ, որոնք COVID-19-ը հաղթահարել են առանց ծանր բարդությունների և հոսպիտալացման: Պարզվել է, որ նրանց բոլորի մոտ դիտվել է T հելփերների՝ T լիմֆոցիտների կողմից կայուն իմունային պատասխան, որոնք իրենց մակերևույթին արտահայտիչ են դարձնում CD4 գլիկոպրոտեինը և ազդանշաններ ուղարկում Т բջիջների մյուս տեսակին (Т քիլլերներին), որոնք ոչնչացնում են ախտածինը: Т քիլլերներ են հայտնաբերվել գրեթե բոլոր մասնակիցների մոտ:
Թեև այդ տվյալները չեն բացառում, որ իմունային արձագանքը SARS-cov-2-ին կարող է վնասակար լինել օրգանիզմի համար, դրանք կարող են որպես մարկեր ծառայել փորձարարական պատվաստանյութերի արդյունավետության համար:
Մեկ այլ հետաքրքիր փաստ. հետազոտողները պարզել են, որ 2015 և 2018 թվականների արյան նմուշներում ռեակտիվ T բջիջներ կան, որոնք ճանաչում են SARS-CoV-2-ը, չնայած դրանք երբևէ չէին բախվել վիրուսին: Նման խաչաձև իմունիտետի զարգացման պատճառն այլ կորոնավիրուսային վարակների ազդեցությունը կարող է լինել, որոնք սովորական մրսածություն են առաջացնում:
Ճիշտ է, դեռ հայտնի չէ՝ կարո՞ղ է արդյոք նման խաչաձև ռեակտիվությունը կայուն իմունիտետ ապահովել SARS-CoV-2-ի դեմ և արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ մարդկանց որոշ խմբեր, այդ թվում՝ նրանք, ովքեր ապրում են որոշակի տարածքներում, ավելի խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Ըստ գիտնականների՝ հաշվի առնելով համավարակի ծանրությունը՝ կորոնավիրուսի խաչաձև իմունիտետի ցանկացած աստիճան կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության տարածման վրա, և դա պետք է հաշվի առնել համաճարակաբանական կանխատեսումներ անելիս: