Տավուշի մարզի Բերդ քաղաքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել։ Պայմանավորված այս հանգամանքով դադարեցել է «Տավուշ տեքստիլ» գործարանի աշխատանքը, փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնել էր արտադրության ծավալները և արտադրամասերը: Դեռ 2017 թվականին ընկերությունը Բերդ համայնքում ձեռք էր բերել նախկին «Ռելեի գործարան»-ի տարածքը, որտեղ էլ տեղակայված էր լինլու արտադրական մասնաշենքը։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Տավուշ տեքստիլ» ընկերության փոխտնօրենի հետ։ Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց գործարանի փակման մասին տեղեկությունը, միայն ասաց, որ իրավասու չէ, որևէ հարցի պատասխանել։ Փոխտնօրենն ասաց, որ ինքը Երևանում է, եւ առաջարկեց թեմայի շուրջ խոսել տնօրենի հետ։
Կապ հաստատեցինք նաեւ ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանի հետ։ Վերջինս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Բերդ համայնքում կորանավիրուսի հաստատված դեպք կա։ Հարցին, թե գործարանը շարունակում է աշխատել, Միքայել Եզեկյանն ասաց․ «Բերդի տարածաշրջանում տենց դեպք կա, գործարանը չի աշխատում, որորվհետեւ ուրիշ խնդիր կա գործարանի հետ կապված, ով, որ ձեզ նման տեղեկություն է տվել իրանից ճշտեք»։ Ճշտող հարցին, թե հիմա գործարանը աշխատում է, այս անգամ Միքայել Եզեկյանն ասաց, թե գործարանն աշխատում է։
Թե, ինչպես ստացվեց, որ մեկ րոպեյում նույն հարցի վերաբերյալ Միքայել Եզեկյանը տվեց երկու տարբեր պատասխաններ, թերեւս չենք կարող նշել։
Տեղեկացնենք, որ սակայն Բերդ համայնքից եւս Irakanum.am-ին փոխանցեցին, որ գործարանը չի աշխատում։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հավելենք, որ մարզպետը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Տավուշ տեքստիլն» այս պահի դրությամբ օրական արտադրում է 300.000 հատ դիմակ: «Տավուշ տեքստիլի» հոսքագծերից մեկը գտնվում է Բերդ քաղաքում, երկրորդը՝ Արծվաբերդ գյուղում։