Եթե նայեք վիդեոները, կտեսնեք, որ ես սոցիալական հեռավորությունը չէի խախտել, զրուցում էի, նույնիսկ իմ ընկերներին ասում էի՝ հեռու-հեռու կանգնեք: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը, ում կատռավարության շենքի մոտից բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել:
«Լավ, ենթադրենք խախտել եմ հեռավորությունը, բա էդ դեպքում ինչի՞ են ոստիկանական մեքենայում 6 հոգի քիփ-քիփ նստած: Օրենքով պետք է տե՞նց լինի: Թող վիդեոները նայեն, եթե խախտել եմ, խախտել եմ, դա ինձ համար առաջնային չէ: Էլ չեմ ասում, որ եկեք ճիշտը խոսենք, էնպես չի, որ 100 տոկոսով այդ աշխատանքը կատարվում է»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունը հայտարարել է, որ 50 հազար դրամով տուգանել է բերման ենթարկվածներին, դերասանն ասաց. «Ինչ ասեմ, պետք է տուգանեին, տուգանել են: Եթե իրենք գտնում են, որ օրենքը պետք է գործի ուրեմն թող էնքան անկեղծ լինեն, որ բոլորի նկատմամբ այդ օրենքը կիրառեն»:
Նա ընդգծեց, որ քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, իսկ այն, որ ժամանակին ինքը եւս մասնակցել է հեղափոխությանը, արձագանքեց. «Ես ապրում եմ այսօրով, անցյալն ինձ համար հանգուցյալ թեմա է: Այսօր ես գտնում եմ, որ պրոբլեմ կա, որպես քաղաքացի բարձրաձայնում եմ: Իսկ քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, լսել քաղաքացիներին եւ հասկանան մի պարզ ճշմարտություն, որ 80 տոկոսը եթե աշխատում է, ուրեմն 20 տոկոսն էլ պետք է աշխատի: Եթե նավը կանգնեց դռները բացվեցին, ուրեմն բոլորը պետք է դուրս գան: Եթե դռները չեք բացում, ուրեմն թող խաղի կանոնները նույնը լինեն բոլորի համար: Եթե 4 ամիս չաշխատեցին այս ոլորտները՝ ռեստորաններ, շոու բիզնես, մինչեւ հաջորդ տարվա ամառ խնդիր է ունենալու: Խոսքը մինչեւ 100 հազար մարդու մասին է: Ուզո՞ւմ եք տնտեսական աճ, այս մարդիկ կարող են բյուջեն փող լցնել: Ես հասկանում եմ, ես չեմ ասում 100-ի տակ աշխատել, բայց գոնե 20-ի տակ առաջ գնալ, ոչ թե կանգնել տեղում»:
Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային ծրագրով 68 հազար է ստացել. «Ես այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել, իմ քրտինքով վաստակել ու արժանապատիվ ապրել»: