ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ օրերս ներկայացրած 100 փաստերից 85-րդը Ենոքավանում արդեն վաղուց իր անունն ունի` «միստր Արման»։ Ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո Տավուշում հայտնված կովկասյան ընձառյուծին Ենոքավանում կոչում են նրա հետ կռիվ տվածի` 36-ամյա Արման Գաբրիելյանի անունով։
Ենոքավանում, ինչպես և մյուս գյուղերում, մարդիկ իրար ճանաչում են, սակայն նախորդ տարվա նոյեմբերի 18-ից հետո, երբ Արմանն անտառում առաջինը տեսել էր ընձառյուծին ու կյանքի ու մահվան պայքարի բռնվել հետը, Արմանին անգամ տեղի երեխաներն են մատով ցույց տալիս։
«Ապագա ռեզորթում» ենք, որտեղ աշխատում է Արմանը. տեղում շինարարական աշխատանքներ են գնում, ու շինարարներից մեկը, բարևելով նրան, հարցնում է.
–Հը՞, լրագրողնե՞ր են։
Արմանը ժպտում է, անհարմար զգում, որ ուշադրության կենտրոնում է հայտնվել, ու գլխով դրական պատասխան տալիս։
–Կգան, բա ինչ կանեն, մեր զվեզդան ես բա,–ի պատասխան ասում է տղամարդն ու շարունակում գործը։
Արմանը պատմում է, որ ընձառյուծի հետ իր պայքարի մասին տեղեկությունները երբեմն չափազանցնում են, երբեմն` խեղաթյուրում։ Իսկ իրականությունը, ըստ նրա, այնպես չէ, որ հերոսական քայլ է` դեպք է, եղել–անցել է։
«Անտառում խոզեր ունեի, գնացել էի տեսնելու` ամեն ինչ նորմա՞լ է։ Ճանապարհին տեսա` խոզերի կեսը չկան, մեկն էլ կիսատ կերած` արահետում թողած էր։ Սկսեցի փնտրել ու քարանձավի նման մի տեղ կար, մուտքից գլուխս ներս մտցրի, այդ պահին տեսա նրան` մեր տղային»,– ժպտալով ու ոգևորված պատմում է Արմանն այն պատմությունը, որը հաճախ են նրան պատմել տալիս։
Ասում է, որ ընձառյուծը հարձակվել է իր վրա, քանի որ կենդանին փակ տարածության` քարանձավի մեջ էր հայտնվել, որի մուտքն ինքը փակել էր։ Արմանն ինքնըստինքյան ձեռքն է առաջ տարե`լ փրկելով կյանքը ու թույլ չտալով, որ դեմքն ու գլուխը վնասվեն։ 4-5 վայրկյան տևած պայքարում կենդանին հասցրել է ժանիքն այնպես խրել Արմանի ձախ ձեռքի ափի մեջ, որ երկու կողմից ծակել է այն, ինչպես նաև բավական խորը ճանկռել է Արմանի ձեռքերը, ոտքը, ուսը, շրթունքը։
Հետո Արմանի ձեռքից բռնել ու քարշ է տվել դեպի ձորը. ձորի պռնկին Արմանը գոռացել է ու հասցրել ազատ ձեռքով որսորդական հրացանից երկու կրակոց արձակել թփերի, ծառերի ուղղությամբ։ Ձայներից կենդանին վախեցել, Արմանին բաց է թողել ու անտառ փախել։
Երևի դեմքիս արտահայտությունը մի քիչ ծամածռվում է, երբ Արմանը պատմում է այդ ամենի մասին` ցույց տալով բավական մեծ սպիները, սակայն նա ժպիտով ավելացնում է` ուզում է նորից տեսնել կենդանուն։
«Ինչ ասես, որ չէի տեսել մեր անտառներում` արջ, եղնիկ, գայլ ու աղվես, սակայն ընձառյուծի նման գեղեցիկ կենդանի առաջին անգամ էի տեսնում։ Ուզում եմ նորից տեսնել նրան, որ նախշերին նայեմ։ 1.5 մետր կլիներ, բաց դեղին մաշկով, մոխրագույն կողերով ու ֆանտաստիկ սիրուն նախշերով»,–ասաց Արմանը։
Տարածաշրջանում 50 տարվա դադարից հետո հայտնված կենդանին փոխել է տեղացիների կենսակերպը. այլևս ոչ ոք մենակ անտառ չի գնում, անգամ` Արմանը, որը գրեթե ամեն օր այնտեղ էր լինում ու անտառի բոլոր անկյուններն անգիր գիտի։ Սակայն փոփոխությունից ոչ ոք չի դժգոհում, ասում են` արժե սահմանափակումների գնալ հանուն կենդանու։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am