Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ:
Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից:
Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են ընդունել սաներին, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ: Ընդհանուր 2 400 սանից միայն 28 երեխայի ծնող է նախնական հաստատել երեխայի այցը մանկապարտեզ:
«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը սա ծնողների կողմից զգուշավորություն որակեց:
«Նախնական ցանկություն հայտնել էր 28 ծնող, սակայն այսօր մանկապարտեզ են ուղարկվել 13 սան: Հիմնականում ծնողներն են զգուշանում: Անխոս, հաստատության համար խնդիր կլինի, ասենք, 1 կամ 2 երեխայի հետ աշխատելը»,- նշեց պատասխանատուն:
Գյումրիում ևս ծնողը հաստատության տնօրինությանը պարտադիր պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից այն մասին, որ աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ, մանկապարտեզների աշխատակիցներն էլ պետք է պարտադիր ունենան տեղեկանք այն մասին, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել:
Արմենուհի Մխոյան