ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով նախատեսվում է սահմանել, որ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունենա հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն:
Հեղինակը նշել է, որ շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից: Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ եւ հերթականությամբ ձեւավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ ենք համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: Իրավասու լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակում կարող է ներդնել նման հաշվառման համարանիշների տրամադրման կարգ:
Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետեւաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը եւ հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով»,-նշել է նա: