ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից Հ.Շ.-ն աշխատել է Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:
Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան և առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը, նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար» համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով Հ.Շ.-ին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելուն ուղղված մյուսների գործողությունները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ.Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում Հ.Շ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Հ.Շ.-ի փախուստը կանխելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը Ռաֆիկ Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան, այդ ընթացքում՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, խմբի անդամների հսկողության տակ տեղափոխելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, ինչպես նաև վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են Հ.Շ.-ին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:
Ռուբեն Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ.Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:
2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ.Շ.-ի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ և ինքնագլուխ իրականացնելով իրենց իրական և ենթադրյալ իրավունքները, Հ.Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝ 120.000 ԱՄՆ դոլար:
Իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ Հ.Շ.-ն Հայրապետյաններին է տվել 238.075 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջանը, 1.428.450 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան, որը նշված արժեքով Հայրապետյանները վաճառել են, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Muran» մակնիշի ավտոմեքենան, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել, նշված գումարի չափով Հ.Շ.-ից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 10.000 ԱՄՆ դոլար և գոյացած 18.236.545 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլարը և 240.000 ՀՀ դրամն անձամբ, ինչպես նաև միջնորդավորված փոխանցել են Հայրապետյաններին: Բացի այդ, ընկերուհին նրանց է հանձնել Հ.Շ.-ի կողմից իրեն նվիրած հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը: Գումարի մի մասը ստանալուց և 2016թ. օգոստոսի 15-ին Հ.Շ.-ի տնօրենի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին, նա ազատ է արձակվել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց բնակելի տան օրինականացման գործընթացը, Հայրապետյանները 2016թ. հոկտեմբերի 18-ին դրա նկատմամբ ձևակերպել են իրենց մտերիմ անձի սեփականության իրավունքը և այդ կերպ Հ.Շ.-ին ու նրա ընտանիքի անդամներին զրկել միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Տեղեկացնենք նաև, որ 19.05.2020թ. Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, հատկապես ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:
20.05.2020թ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ.Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը:
Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ.Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին:
Նախաքննությունը շարունակվում է: