Աղմկահարույց օրենքն ուժի մեջ մտավ. ո՞ւմ գույքն է բռնագանձվելու
Advertisement 1000 x 90

Աղմկահարույց օրենքն ուժի մեջ մտավ. ո՞ւմ գույքն է բռնագանձվելու

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նշել է, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանում, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։

«Այս օրենքի կարևորությունը հասկանալու համար բավական է հետևել վերջին շաբաթներին նախկին կոռուպցիոներ պաշտոնյաների և նրանց արբանյակների կողմից բարձրացրած «լալահառաչ» աղմուկը՝ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը, հանրապետության նախագահին»,- գրել է նա։

Խանդանյանը մեկնաբանել է օրենքը՝ նշելով, որ այն թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը։ Եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ, քանի որ այդ դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։

Պատգամավորն ընդգծում է, որ օրենքը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

«Այն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը»,- եզրափակել է Խանդանյանը։

armeniasputnik.am