Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի շատ լուսանկարներ և գիտական փաստեր հավաքվել և թվայնացվել են գյումրեցի սեյսմոլոգների կողմից: Նախաձեռնության հեղինակ երկրաբանական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ չնայած Սպիտակի երկրաշարժը համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը, որի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր, համացանց են տեղադրվել բազմաթիվ նյութեր, սակայն այս բոլորի մեջից հեշտորեն զատել կարևորն ու անհրաժեշտը, դժվար է:
«Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչը առավել կարևոր է Սպիտակի երկրաշարժի մասին« որի կարիքը զգում է թե հասարակ քաղաքացին, թե մասնագետը: Մենք Սպիտակի ողբերգության պահից առ այսօր զբաղվում ենք երկրաշարժի տարբեր խնդիրների ուսումնասիրմամբ: Հավաքել ենք հսկայական փաստացի նյութեր ու դրանց վերլուծության արդյունքներ, գրել ենք 5 գիտական գրքեր և այս բոլորը մեզ հիմք են տվել փորձել կազմելու սույն ցուցադրման նյութը»,- նշեց Սերգեյ Նազարեթյանը:
Ցուցադրության մեջ օգտագործված են տարբեր հեղինակների լուսանկարներ, Սպիտակի 1988թ. երկրաշարժի հետևանքների վերաբերյալ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ու դրանց պատճառների վերլուծության արդյունքներ: Բոլոր նյութերը ներկայացված են 10 առանձին բաժիններով:
Ներկայացված նյութերից տեղեկանում ենք՝ երկրաշարժի զոհերի ընդհանուր քանակը` 25000 մարդ, մոտավորապես 17000 զոհ Լենինականում, 1200 Վանաձորում, 4000 Սպիտակում, 500 Ախուրյանում և 120 Ստեփանավանում: Ավերվեցին 11 քաղաք, 58 գյուղ, 9 միլիոն քառակուսի մետր բնակ տարածք, որն ամբողջ հանրապետության բնակֆոնդի 18 տոկոսն էր, փլատակներից հանվեց 45 000 մարդ, հոսպիտալացվեց 40 000, տարհանվածների քանակը 120 000, որից 75000 հանրապետությունից դուրս: Ավերվել է 170 արդյունաբերական ձեռնարկություն՝ 1«9 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն արտադրանքով: Ավերված կառույցների մեջ մեծ թիվ էին կազմում դպրոցները՝ ավերված դպրոցների և այլ հաստատությունների թիվը 917 շենք 20000 աշակերտ, առողջապահական 250, իսկ մշակութային 324 օբյեկտ, վնասվել են պատմաճարտարապետական 2300 հուշարձան, որից 1216-ը դարձել են կիսավեր:
Թվայնացված նյութն իր մեջ բացի այս կարևոր տեղեկատվությունից Սպիտակի երկրաշարժը դիտարկում է սեյսմիկ իրադարձության ֆոնի վրա՝ ներկայացնելով սեյսմաբանական պարամետրերը, երկրաբանական հետևանքերը, շենքերի ավերման դինամիկան ու չափանիշները, ինչպես նաև փրկարարական աշխատանքերը և բնակիչների հերոսական պահվածքը:
Թվայնացված նյութերը տրամադրվում են բոլոր շահագրգիռ կառույցներին ու ԶԼՄ-ներին:
Լուսանկարները՝ «Արմենպրես»-ի և PanPhoto-ի