Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ուղիղ եթերի ժամանակ հաղորդավար Հայկ Նավասարդյանը բժշկական պաշտպանիչ դիմակով էր եթեր մտել և մինչ լուրերի թողարկումը սկսելը հայտարարեց, որ չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումների, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ուստի այսօրվանից եթեր են մտնելու դիմակով։
Մեր տեղեկություններով որոշ ժամանակ Առաջին ալիքի առանձին հաղորդումների եթերներում հյուրեր չեն լինելու՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Նշենք՝ այսօր ArmDaily.am կայքը տեղեկություն էր ստացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել։
Մասնավորապես՝ մեր տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության 2 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, ինչի հետևանքով կան բաժիններ, որոնցում աշխատանքը դադարեցված է։ Մեր այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նախ՝ Պետրոս Ղազարյանից, ով նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հավելելով, որ լուրերի և քաղաքական բաժիններում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան։
Իսկ Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը, նշելով, որ միայն մի դեպք է գրանցվել, այն էլ ապրիլի 17-ին, իսկ նոր դեպքեր, ինչպես նաև նոր դեպքերով պայմանավորված մեկուսացվածներ չկան։