Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։
2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:
Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։
ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Նրանք հայցում նշել էին ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) փոխհատուցման մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել հայցվորներին։