Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ ՀՀ ոստիկանության հայտարարությունը․

«Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։

Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շինահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում։

Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները»։