Դատարկ դասասենյակներ, դատարկ միջանցքներ ու բակ․ միայն մի քանի աշխատակից կար։ Արդեն 20-ամյա «Օրրան» բարեգործական ՀԿ-ում երբեք չէր եղել նմանատիպ իրավիճակ, երբ ինչ-որ անկյունից չլսվեր երեխաների ձայնը, դասապրոցեսը կանգ առած լիներ։ Նմանատիպ իրավիճակի պատճառը նոր տիպի կորոնավիրուսն է, որի տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ դրություն է հաստատվել։ Չնայած այս ամենին, «Օրրան»-ում, միևնույնն է, զգացվում էր այն ջերմությունը, որն այդ պատերի ներսում տրվում է կառույցի շահառուներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես 20 տարի առաջ որոշեցին օգնել երեխաներին և տարեցներին, այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը, խոսեց արտակարգ դրության օրերին աշխատանքի կազմակերպման, առաջիկա անելիքների և մի շարք այլ հարցերի շուրջ։