Սյունիքի մարզում մայիսի 28-ի դրությամբ հաստատաված է նոր կորոնավիրոսային հիվանդության 80 դեպք։ Այս պահին բուժված է 54 քաղաքացի, 305 հոգի գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։ Նոր վարակման դեպքերը եղել են Մեղրիում և Սիսիանում։
Ահա թե ինչ է լինում, երբ չեն հետևում պարետատան սահմանափակումներին ու մասնակցում են մասսայական միջոցառումների, արդյունքում դառնում են վարակակիր ու վտանգում ոչ միայն իրենց, այլև դիմացինի առողջությունը։ Ճիշտ այդպես եղավ մեղրեցի մի կնոջ հետ, որը մայրաքաղաքում տարեդարձի մասնակցեց ու վարակեց շրջապատի մարդկանց։
«13 հոգի հաստատված ունենք, 126 հոգի էլ ինքնամեկուսացվել են։ Ամենատարեցը 63 տարեկան է, իսկ մնացածը՝ միջին տարիքի կանայք են։ Բարեբախտաբար, բոլոր վարակակիրներն էլ անսիպտոմ են, հարցնում ենք, բողոք չունեն, պարզապես վարակակիր են, ծանր դեպքեր չկան»,- ասում է համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Նա կարևորում է սահմանափակումներին հետևելը, քանի որ հատկապես Մեղրին ռիսկային գոտի է:
«Իրանի հետ սահման, ունենք երկու զորամաս՝ իրենց գրաֆիկով ու ռեժիմով, հյուրեր գալ-գնալ, այցելություններ։ Ունենք մաքսակետ, հարյուրավոր մեքենաներ են մտնում, դուրս գալիս, վարորդների շարժը հնարավոր չէ վերահսկել»։
Սիսիանում էլ նոր դեպքեր կան, վարակը երկու ընտանիքներում է։ Միաժամանակ, բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, որպեսզի վարակի տարածումը կանխվի, վստահեցնում է Սիսիան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը։
«Սիսիանում միանշանակ այս պահին խուճապ չկա։ Իրավիճակը լիովին վերահսակելի է։ Օջախները բարեբախտաբար երկուսն են, ունենք 11 հիվանդ։ Երկու ընտանիք են եղել, մեկը այստեղից չի։ Սիսիանում չեն վարակվել, դրսից, այլ քաղաքի օջախներից են վարակված եղել։ Օջախներ չեն ավելացել։ Մեկուսացվածներ կան, շատ չեն, գտնվում են տեղամասային վերահսկողության տակ։ Կապը մեկուսացվածների հետ ամենօրյա բնույթ է կրում, օրը երկու անգամ՝ սահմանված կարգով, նրանց հետ կապ են հաստատում», — ասում է Անի Սիմոնյանը:
Բանախոսները ևս մեկ անգամ շեշտում են, որ պարետի ցուցումներին հետևելն ու անվտանգության կանոնները պահելը փրկում է հարյուրավոր մարդկանց առողջությունը։
Ամբողջությամբ՝ armradio.am