Վարչապետի տիկնոջը իրականում ՃՈ-ն տուգանել է ապօրինի. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարչապետի տիկնոջը իրականում ՃՈ-ն տուգանել է ապօրինի. antifake.am

Մարտի 25-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին իր անչափահաս դստերը՝ Շուշան Փաշինյանին, «Կոնդ» կառավարական առանձնատան տարածքում մեքենա վարել սովորեցնելու համար։

Աննա Հակոբյանը լուսանկարել էր իրավախախտման վերաբերյալ վարչական ակտն ու այն հրապարակել իր էջում՝ նշելով, որ տեղյակ չի եղել, որ կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել. «Ցավում եմ իմ չիմացության համար»,- նշել էր Հակոբյանը։ Վարչապետի տիկինը հավելել էր, որ դրա համար են «հեղափոխություն արել». «Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ»,- գրել էր վարչապետի կինը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ-ից սկզբունքային ախատանքի համար։

Վարչապետի տիկնոջը տուգանելու հանգամանքը հայտնվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական «100 փաստ Նոր Հայաստանի մասին»՝ կառավարության հաջողություններն արձանագրող ցուցակում, ինչը Փաշինյանը հրապարակեց մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակներում։

Փաշինյանը 99-րդ փաստով ներկայացրեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- նշել էր Փաշինյանը:

AntiFake.am-ը ուսումնասիրել է Աննա Հակոբյանի կողմից հրապարակված վարչական ակտը և պարզել, որ Աննա Հակոբյանին Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ապօրինի։

Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության են ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 128-րդ հոդվածի 5-րդ մասով, որում մասնավորապես ասվում է. «տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

ՎԻՎՕ-ի տվյալ հոդվածը ներառված է օրենսգրքի 10-րդ գլխում, որը վերաբերվում է տրանսպորտում, ճանապարհային տնտեսության և կապի բնագավառում վարչական իրավախախտումներին։

Չնայած այն հանգամանքին, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը չի սահմանում «ճանապարհային տնտեսություն» հասկացության բացատրությունը, այնուամենայնիվ, այն կարելի է գտնել մի շարք այլ տեղերում, մասնավորապես՝ բյուջետային հաշվարկներում, որոնցում ներառված չեն կեցավայրի տարածքները։ Բացի այդ, ՎԻՎՕ-ով նախատեսված արարքները ոտնձգում են տրանսպորտում, երթևեկության անվտանգության և կապի ոլորտում։

Այս պարագայում անհրաժեշտ է ՎԻՎՕ 128-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը դիտարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և Ճանապարհային ոստիկանության իրավասությունների շրջանակներում։

Այսպես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ճանապարհային երթևեկությունը»` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգն է։ Իսկ «ճանապարհ» հասկացությունը նույն հոդվածը սահմանում է որպես առնվազն մեկ երթևեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես։ Ինչից հետևում է, որ Աննա Հակոբյանը, ով անչափահասին թույլ էր տվել վարել ավտոմեքենան, ոչ թե «ճանապարհ» եզրույթին համապատասխանող վայրում, այլ իրենց կառավարական առանձնատան տարածքում, թույլ չի տվել ՀՀ ՎԻՎՕ 128-րդ հոդվածի խախտում և տուգանվել է ապօրինի։

Այս կարևոր «փաստը» ոգևորությամբ ներկայացնելիս Փաշինյանը իր «մտահոգություններն» էր հայտնել այն կապակցությամբ, որ շատերը Աննա Հակոբյանի տուգանվելը ձևականություն են համարել: «Եթե որևէ քաղաքացու տուգանում են, ի՞նչ ա լինում, որ դա չի համարվում ձևական»,- հետաքրքրվել էր վարչապետը:

Այս ուսումնասիրությունից հետո Աննա Հակոբյանի տուգանվելու հանգամանքը ավելի քան «ձևական է» դառնում։

antifake.am