Հովհաննես Գալստյան. «Ճգնաժամ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Գալստյան. «Ճգնաժամ»

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման գնահատականը այս պահին մեկն է՝ ճգնաժամ։ Ճգնաժամ՝ տնտեսության մեջ, ճգնաժամ՝ դատական համակարգում, ճգնաժամ՝ խորհրդարանում, ամենուր։ Եթե ճգնաժամ է, պետք է հասկանալ պատճառները, որպեսզի ելքերը գտնվեն։ Ինձ տեսանելի են իմ մասնագիտական ոլորտի՝ կինոարտադրության ճգնաժամի պատճառները, որոնք, գուցե աննշան շտկումներով, պրոյեկտելի են մյուս ոլորտների վրա։ Սկզբում, ես կանդրադառնամ մշակույթի կառավարմանը ընդանրապես, առանց անունների, որովհետև գործող անձիք հանրահայտ են ու ճանաչելի։ Հետո՝ կինոարտադրությանը, արդեն ավելի առարկայական․ անուններով, ժամկետներով ու փաստերով։

Ստանձնելով կառավարության ղեկավարի դերը, Փաշինյանը մշակույթի կառավարման ոլորտում թույլ տվեց նախորդների գործած կոպիտ սխալը՝ անտեսեց մշակույթը։ Ոլորտի կառավարումը հանձնվեց «թիմի անդամին», որը մի x հատված պիտի «յոլա տաներ» ոլորտը, փորձելով հիմքեր ստեղծել «հեղափոխության» արժեքները, «թիմային» խաղի սկզբունքների, «արվեստի» ու «մշակույթի» կառավարման հետ համադրելու համար։ Անիրականանալի այդ համադրումը նույնիսկ բանաձևային ձևակերպում ստացավ՝ «մշակույթն իմ մեջ է» աֆորիզմի տեսքով։

Տակտիկական իմաստով սա գուցե արդարացված էր, որովհետև արվեստի կառավարման դաշտը լճացած, նույնիսկ ճահճացած էր։ Արմատացած էր «պալատական արվեստագետների» ինստիտուտը, կար «պաշտոնական արվեստ», որը ստեղծում էին մշակույթի նախարարության «ցուցակով» ամրագրված արվեստագետները ու կային լուսանցքում գործող «մարգինալ արվեստագետներ», որոնք ինքնադրսևորվում էին սահմանափակ լսարանում։ Սրանք մի համակարգ էին ու այս տիղմոտ պատկերը կառավարվում էր պետական չինովնիկների կողմից, որոնք աչալուրջ հսկողության տակ էին պահում «պաշտոնական» արվեստը, որ «մեծ» արվեստագետները մշակութային, քաղաքական «կիքսեր» չտան և, որ «մարգինալ» արվեստագետները չինքնաոչնչացվեն՝ «գայլերը կուշտ լինեն, ոչխարները՝ ողջ»։ Եթե այդ ամենի տակից ինչ որ մի արվեստի գործ գրավեր հանրության սերը, կամ՝ (Օ, Աստվածներ), արժանանար միջազգային ուշադրության՝ մեդալներ, պարգևներ, վաստակավոր ու նման բաներ։

Սա էր արվեստի կառավարման էությունը, սա փոխելու համար էր, որ «հեղափոխական» թիմի մշակույթի նախարարը կարմիր գիծ քաշեց ու հայտարարեց, որ մշակույթն իր մեջ է։ Տակտիկական իմաստով սա հստակ ուղերձ էր, ռազմավարության իմաստով՝ փուչ խոսք, որովհետև մեծ խոսքերը ենթադրում են մեծ գործեր, իսկ մեծ գործերը ենթադրում են մեծ մարդիկ, որ ի վիճակի են մեծ գործեր անել։ Ո՞ւր են այդ մարդիկ։ Ինչպե՞ս գտնել։ Հենց այստեղ հեղափոխական թիմը թույլ տվեց ԵՐԿՐՈՐԴ կոպիտ սխալը։ Նրանք վախեցան վստահել այն մարդկանց, որ տասնամյակներով դիմադրել էին համակարգին, կորուստների գնով, բայց պահպանելով իրենց ինքնուրույնությունն ու սկզբունքայնությունը, նրանք երբեք ներգրավված չէին եղել քաղաքական ճամբարներում, չէին «օգտագործվել», չէին եղել «պալատականների» ցուցակներում, բայց կարողացել էին հստակ գծել ու պաշտպանել իրենց անձնական անկախության տարածքը «պաշտոնական» արվեստի պետական քարտեզում։

Նիկոլ Փաշինյանը, քաջ գիտակցելով «դիմադրողների» ուժը, ինքն էլ այդպիսինը լինելով, վախեցավ այս մարդկանցից, չցանկացավ գործ ունենալ ինքնուրույնների հետ, ըստ էության դավաճանեց ինքն իրեն, իր ղեկավարած «հեղափոխության» արժեքներին ու որոշեց քանդել գոյություն համակարգը այդ համակարգից իբրև թե տուժված, բայց դրա մասը կազմող «մարգինալներով»։ Ահա սա էր մշակույթի կառավարման ոլորտում Նիկոլ Փաշինյանի երկրորդ կոպիտ սխալը՝, որը հետո՝ սխալը սխալով ուղղելու է՛լ ավելի կոպիտ սխալի արդյունքում ամբողջովին ամայացրեց այս դաշտը։

Շարունակելի

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի էջից:



Նման նյութեր