Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սևանա լճի էկոհամակարգին, ձկնապաշարներին առնչվող խնդիրների մասին և անդրադարձել լճի կանաչելու հարցին։
Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ` այն, որ Սևանա լիճն այս տարի նույնպես կանաչելու է, նորություն չէ, քանի որ երբ նախորդ երկու տարիներին տեղի ունեցավ այդ պրոցեսը, ինստիտուտը ահազանգեց, որ այդ երևույթը կարող է խորանալ։
«Երբ ջրիմուռները մահանում են, նստում են լճի հատակին` ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի առաջանա օրգանական նյութի ավելցուկ, ինչն էլ խթանում է ծաղկման հետագա պրոցեսը։ Դրա ապացույցն այն է, որ այս տարի կանաչելու երևույթը սկսվել է հունիսին, մինչդեռ նախորդ երկու տարիներին լիճը սկսում էր կանաչել հուլիսին։ Մեր գիտնականներն արդեն իսկ գիտարշավ են անցկացրել լճի վրա ու նկատել ծաղկման վաղ շրջանը»,– նշում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։
Թեև Բարդուղ Գաբրիելյանը չի կարող ասել, թե Բնապահպանության նախարարությունն այս տարի ինչ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, սակայն իրենք բազմիցս դիմել են գերատեսչությանը, որպեսզի կատարվեն հետևյալ հիմնական գործողությունները։ Ըստ այդմ` նախ պետք է հավուր պատշաճի իրականացվեն ջրավազանի մաքրման աշխատանքները, որպեսզի արգելափակվի կենսածին տարրերի հոսքը դեպի լիճ, իսկ դրա համար անհրաժեշտ է միջոցառումներ անցկացնել մաքրման կայաններում, որպեսզի մասնավորապես ազոտի և ֆոսֆորի մուտքը հնարավորինս նվազեցվի։ Մյուս կողմից պետք է ամեն ինչ անել, որպեսզի ջրի մակարդակը սկսի բարձրանալ, ինչը կկանխարգելի լճի հետագա ծաղկումը։
«Լճի կանաչելու պայմաններում օրգանական նյութերի մեծացումն անփուսափելի է, մինչդեռ եթե ունենայինք ձկնային մեծ պաշարներ, ապա այդ հանգամանքը որոշակիորեն կնվազեցներ ծաղկման պրոցեսը։ Բայց ցավոք սրտի ձկան անխնա որսը շարունակվում է, աջ ու ձախ կարելի է տեսնել ձկան վաճառք։ Ճիշտ է, լճի մակարդակը մի քանի սանտիմետրով բարձրացել է, սակայն դա բավարար չէ, հետևաբար այս տարի էլ հավանականությունը շատ մեծ է, որ լիճն ավելի ինտենսիվորեն կկանաչի»,– նշում է Գաբրիելյանը։
Նրա համոզմամբ` պետք է ոչ թե աշխատել ձկնապաշարներն ավելացնելու,այլ եղածը պահպանելու ուղղությամբ, քանզի եթե պատշաճ կերպով պահպանվեն պաշարները, և կառավարելի դառնա ձկան որսը, այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա։ Ըստ այդմ` պետք է որսը խստագույնս արգելվի ձվադրման շրջանում, աշնանն ու ձմռանը, և հատկապես գարնանը, երբ որսում են մանրաձուկը։ Բարդուղ Գաբրիելյանի տեղեկացմամբ` աշխարհում ընդունված կարգ է, որ կենդանուն չեն որսում, որը պետք է աճի ու բազմանա, իսկ մեզ մոտ փողոցներում 100-150 դրամով արդեն իսկ վաճառվում է մանրաձուկը, որը պետք է աճեր ու բազմանար։
Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Նախորդ տարի ամռանը նույնպես կանաչեց։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am