
Հայաստանի ազգային գրադարանը նոր կայք է ստեղծել, որի ձևավորումն իրականացրել է Torus design ընկերությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
«Արդեն ավարտվել է կայքի ծրագրավորումը: Մնում է միայն թեստավորում անցկացնել և կոնտենտը լցնել»,- նշեց Սարիբեկյանը:
Անդրադառնալով գրադարանի թվայնացված նյութին՝ նա տեղեկացրեց, որ կրկնապատճենել են գրադարանի թվայնացված բազան, որը պահելու են երկու տարբեր տեղում:
Մտածում են նոր սերվերներ ձեռք բերել թվայնացված ինֆորմացիան նաև դրանցում պահելու համար: «Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հին սերվերների հայելային պատճենում անել: Դեռ քննարկում ենք նաև թվայնացված նյութերն ամպային տիրույթ տեղափոխելու հարցը»,- ընդգծեց գրադարանի տնօրենն ու հավելեց, որ իրենց աջակցում է Եվրոպական ազգային գրադարանների ասոցիացիան, որն Ազգային գրադարանի համար դրամաշնորհ է որոնում սերվերային ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
Անժելա Համբարձումյան