Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի թիվ 114 դպրոցի վերջին զանգի տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են փոքր սենյակում հավաքված շրջանավարտները առանց դիմակի և որևէ այլ պաշտպանիչ միջոցի պարում տնօրենի հետ:
Արայիկ Հարությունյանը գրել է, որ կձեռնարկի ամենախիստ միջոցները՝ պատժելու 114 դպրոցի ղեկավարությանը։
«Վերջին զանգից՝ վերջին պար։ Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են։ Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»,- գրել է Հարությունյանը։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր Երեւանի 114 դպրոցի շրջանավարտների վերջին զանգի տեսանյութը և նշել, որ պարողների մեջ եղել է նաև դպրոցի տնօրենը։