ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացու նկատմամբ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։
«Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կստուգվի: Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում, եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի»,- ասաց Սարգսյանը:
Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։
Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:
Նորայր Շողիկյան