Գյումրիում դիմակ կրելու կրեատիվ տարբերակ են մտածել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրիում դիմակ կրելու կրեատիվ տարբերակ են մտածել

Պարետի որոշմամբ՝ դիմակներ կրելը պարտադիր է ամենուր: Դրանք, ըստ մասնագետների, նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հաշվի առնելով այն, որ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է առանց ախտանշանների, վարակակիր կարող է լինել ցանկացածը, իսկ դիմակները նվազեցնում են վիրուսը փոխանցելու հավանականությունը: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության կարգախմբերը շարունակում են իրազեկել ու չենթարկվողներին զգուշացնել տուգանքների մասին:

Իսկ գյումրեցիներն արդեն հասցրել են դիմակ կրելու այլ՝ կրեատիվ տարբերակներ մտածել: Օրինակ՝ դիմակը կարող է պաշտպանել նաև գլուխն արևից, կամ դիմակ կրում են, բայց ծնոտի հատվածում:

 

Շոգ է, դիմակով շնչելը՝ անհարմար… Սա պարետի որոշմանը չենթարկվելու հիմնական պատճառն է:

Շատերն էլ ճիշտ չեն ընկալել, թե որտեղ է պարտադիր դիմակ կրելը՝ փողոցը համարում են բաց տարածք ու շրջում առանց դիմակների:

Բանկերի դիմաց գծանշումներ են հայտնվել, որոնք սոցիալական հեռավորությունը պահելու համար են: Դիմակ կարող են չկրել միայն հեծանիվ վարելիս և մարզվելիս: 6 տարեկանից բարձր երեխաները նույնպես զբոսնելիս պետք է պաշտպանված լինեն դիմակներով:

Ոստիկանների զգուշացումները նաև երեխաների համար էին:

Սրճարաններում հաճախորդները սնվելիս, իհարկե, դիմակ չեն կրում: Պահանջը պարտադիր է մատուցողների ու մյուս աշխատակիցների համար: Սննդի, աշխատանքի ու առողջապահական տեսչական մարմինները ստուգումները շարունակում են: Գյումրիում դարձյալ խախտումներ հայտնաբերել են, ու խանութների և սրճարանների գործունեությունը դադարեցվել է, իսկ այն օբյեկտները, որոնց աշխատանքը նախօրեին 24 ժամով էր դադարեցվել, դիտողությունները ընդունել են ի գիտություն և շտկել թերացումները:

Համավարակը վարքագծի նոր կանոններ է պարտադրում բոլորին: Իսկ նորաձևությանը հետևողները ևս մեկ աքսեսուարի վրա են սկսել ուշադրություն դարձնել՝ պաշտպանիչ դիմակները նաև գույնզգույն ու հագուստի հետ համադրելի պետք է լինեն:

shantnews.am