
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու գրառմանը։
«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ոտք գցելուն (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկողոսյանը։
Նա հավելել է, որ նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, առավել ևս պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։