Թաթոյանն անդրադարձավ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին
Advertisement 1000 x 90

Թաթոյանն անդրադարձավ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին

Անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում:

«Ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն: Ինչպես ցանկացած իրավական պետությունում, այնպես էլ Հայաստանում, իրավախախտում թույլ տված ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը միշտ պետք է լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է»,- ասաց Թաթոյանը:

Հունիսի 5-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերման է ենթարկվել։

Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

Նորայր Շողիկյան