ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Վահե Գրիգորյանը պարգևավճարներ չեն ստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին` նախորդ տարի աշխատավարձային, պարգևավճարային և հավելավճարային ֆոնդի որքան հատվածն է օգտագործվել:
Ղազարյանը նշեց՝ ՍԴ դատավորների աշխատավարձը սահմանված է օրենքով, որով սահմանված է նաև նրանցից յուրքանչյուրի հավելավճարի չափը, որոնք տարբեր են՝ պայմանավորված դատավորի աշխատանքային ստաժով:
«Պարգևավճարները, ինչպես այլ պետական մարմինների պարագայում, նախատեսված են եղել ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: Փաստացի մենք վճարել ենք 28.6 տոկոսի չափով: Այդ պարգևավճարների հատկացումը կատարվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ: Որպես կանոն փորձում է կիրառվել միասնական մոտեցում, այսինքն` այդ 30 տոկոսի չափով հավասարաչափ վճարում բոլորին, սակայն առանձին դեպքերում լինում են առանձին որոշումներ: Օրինակ, ՍԴ նախագահը տևական ժամանակ է հրաժարվել է ստանալ պարգևավճաներ և կարգադրության մեջ իրեն բացառություն է անում: Վերջին շրջանում՝ մի քանի ամիս է, որ պարգևավճարներ չեն հատկացվել նաև դատավոր Վահե Գրիգորյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ-ի աշխատանքներին»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ վերջին անգամ պարգևավճար տրամադրելիս փորձել են նաև աշխատակիցների նկատմամբ տարբերակում դնել՝ խրախուսանքի համար: Տարբերակված մոտեցումը կիրառվել է այս տարի, հաշվետու ժամանակահատվածում միասնական մոտեցում է ցուցաբերվել, ամբողջ աշխատակազմին նույն չափով է տրվել՝ բացառություն են եղել այն դեպքերը, երբ աշխատակիցները նկատողություն են ստացել:
Աննա Գրիգորյան