Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (2018-2019թթ.) Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` կրկնելով նախկինում արած իր հայտարարությունը, որ գործն արդեն բացահայտված է:
«Գործի քննությունն ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերների ուղարկել ենք քննչական պահանջ, որը, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:
Ավելի վաղ ՔԿ նախագահը հայտարարել էր, որ քրեական գործը բացահայտված է, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից:
2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Նորայր Շողիկյան