Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարատու պաշտոնյաների գույքի, եկամուտների, դրամական միջոցների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագրերը, որոնք հերթով ներկայացնում ենք։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 հողամաս և 2 շինություն։ Խաչատրյանը հանդիսանում է հողամասի և բնակարանի միակ սեփականատերը, իսկ շինությունների համասեփականատերը։ Շինություններից մեկը Խաչատրյանը ձեռք է բերել 2019 թվականի ընթացքում 3.3 միլիոն դրամով։ Մյուսն էլ ՀՔԾ պետը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբերի վերջին։ Բոլոր անշարժ գույքերը գտնվում են Քանաքեռ-Զեյթունում։
Խաչատրյանը հայտարարագրել է 1998 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը 2019 թվականին վաճառել է 1,5 միլիոն դրամով։
Սասուն Խաչատրյանի անկանխիկ և կանխիկ դրամական միջոցները 2019 թվականի սկզբին կազմել են 310 հազար դրամ և 14 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 232 հազար և 20 միլիոն 800 հազար դրամ։
ՀՔԾ ղեկավարի պաշտոնում Խաչատրյանը 2019թ. ընթացքում ստացել է 14,425,651 դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։
Հայտարարագրում նշվում է, որ Սասուն Խաչատրյանը ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին փոխառությամբ գումար է տվել, որը տարվա սկզբին կազմել է 4,727,200 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5,328,885 դրամ։