Մենք արդեն գրել էինք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2019 թվականի իր հայտարարագրում հայտարարագրել է 3400 բիթքոին, որը համարժեք է 32 մլն դոլարի։ «Հրապարակը» կապվեց Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա իրականո՞ւմ այդքան բիթքոին ունի, և որտեղի՞ց իրեն այդպիսի գումար։ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ թե 3400 բիթքոին է հայտարարագրել, այլ 3400 դոլարի բիթքոին։
Նշենք, որ 1 բիթքոինի արժեքը կազմում է 9 հազար 500 դոլար, այսինքն՝ Հայկ Սարգսյանը կեսից էլ պակաս բիթքոին ունի, ուստի հասկանալի չէ, թե նա ինչպե՞ս է ձեռք բերել կես բիթքոին։ Մենք զրուցեցինք ոլորտի մասնագետներից մեկի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է կես բիթքոին գնել, նա ասաց, որ թեորիապես հնարավոր է, սակայան շուկայում կես բիթքոին վաճառողներ չկան։ Հայկ Սարգսյանին հարցրինք , թե սխա՞լ են գրել իր հայտարարագրում, նա պատասխանեց՝ «սխալ չեն գրել, սխալ մեկնաբանել են»։ Պատգամավորին հարցրինք նաև, թե ինչո՞ւ չի ներկայացրել իր աշխատավարձի չափը․
«Օգնականս է լրացրել։ Էնտեղ 2 մասում կա՝ մեկը, որ գումարը ավելացել է, դա հղում է տվել աշխատավարձին, մի հատ էլ առանձին կետ կա, որ աշխատավարձի մասով պիտի գրի, դա չի գրել, բայց արդեն լրացրել ենք, ուղարկել ենք հանձանոժողովին»,-պատասխանեց Սարգսյանը։ Ի դեպ, նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը այս պահին չի աշխատում։ Հայկ Սարգսյանին հարցրինք նաև, թե ի՞նչ բնակարան է նվեր ստացել, որը նշված է իր հայտարարագրում, և ո՞ւմ կողմից է նվերը․
«Այդ բնակարանը մեր բնակարանն է, որը հայրս ձեռք էր բերել դեռևս 70-ական թվականներին, եղել է հոպարիս անունով, ուղղակի բանկի հետ կապված հարց կար, որ պետք է իմ անունով լիներ, էդպես հոպարս նվիրատվություն ա արել ինձ վրա, այսինքն՝ դա այն բնակարանն է, որտեղ իմ ընտանիքը ապրել է մինչև իմ ծնվելը»,- պատասխանեց պատգամավորը։