Վահան Թումասյանը ֆեյսբուքում գրել է.
«Հիմա մի լավ լուր ունեմ հաղորդելու:
Հաստատ բոլորդ էլ կարդացել եք, վերջին 10 օրերին ԶԼՄ-ների էջերից չիջնող այն լուրը, որ Գյումրիում թափառող շները հարձակվել և ծանր վնասվածքներ էին հասցրել մոտ 3 տարեկան երեխային:
Այդ ցավալի դեպքը, ինձ համար անձնական ողբերգության նման մի բան էր, նախ այն պատճառով, որ շատ վաղուց ճանաչում էի փոքրիկին, ով սոցիալապես ծանր պայմաններում բնակվող բազամազավակ ընտանիքից է: Նրա մայրը օրնիբուն ֆիզիկական ծանր աշխատանքով մի կերպ պահում և խնամում է երեխաներին: Իսկ երեխաները մի-մի հատ լույս են, խելոք և համեստ, ավագ քույրերն էլ սպորտով են զբաղվում: Մի խոսքով՝ նրանց ընտանիքին, երբ հնարավորություն ենք ունեցել, փորձել ենք օգնել, ինչով կարողացել ենք:
Այսօր, մեր հերթական այցելության ժամանակ, երբ նույն փոքրիկին տեսանք քույրերի և եղբայրների հետ բակում խաղալիս, մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Ի դեպ՝ այսօր էլ նրանց փոքրիկ շները իրենց բակում էին:
Մեր նվերները հանձնելուց հետո փոքրիկին հարցրեցի, թե արդյոք նեղացել է շներից, պատասխանը ավելի քան ուրախալի էր, ասեց՝ ոչ, իմ մյուս հարցին էլ, թե շարունակում է սիրել շներին, պատասխանեց՝ այո:
Բայց հիմա մեկ այլ ասելիք էլ ունեմ, երբ ողբերգական դեպքն էր տեղի ունեցել, ամբողջ հայստանյան մամուլը ցնցող ու սարսափեցնող վերնագրերով ամեն ինչ մանրամասնորեն ներկայացնում էին, բայց հիմա երբ երեխան, փառք Աստծո բուժված և առողջ վերադարձել է տուն, ոչ մի բառ մամուլում այդ մասին չգտա: Շատ պաշտոնյաներ, որ դեպքից հետո սրտաճմլիկ և շներին դատափետող ելույթներ էին ունենում, նրանցից ևս ուրախ լուրը ավետող խոսքերի չհանդիպեցի:
Հիմա ոնց նրանց չհարցնեմ. այ ձեր ցավը տանեմ, դուք հոմ մազոխիստ չեք, ձեզ միայն ողբերգություններն են հետաքրքրում…
Հ.Գ Անչափ շնորհակալ եմ բոլոր բուժաշխատողներից, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի այս դժվարին օրերին փոքրիկը օր առաջ առողջանա և վերադառնա տուն»: