Ուշադրություն, խոսում և գրում է կյանքի ունայնությունը հասկացած մի սովորական ՀՀ քաղաքացի
Advertisement 1000 x 90

Ուշադրություն, խոսում և գրում է կյանքի ունայնությունը հասկացած մի սովորական ՀՀ քաղաքացի

Ուշադրություն, խոսում և գրում է կյանքի ունայնությունը հասկացած մի սովորական ՀՀ քաղաքացի։

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բայց դա ջայնամ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ատելության, անկրթության, փնթիության, անտրամաբանության համաճարակ է։

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ։ Դրանից առավել բոլորիդ կոչ եմ անում մտածել։ Հնարավորինս հաճախ։ Մտածել պետք է այնպես, որ այն դառնա սովորություն։ Հնարավորություն ստեղծի կատարել համեմատություններ, վերլուծություն, փաստերի անկողմնակալ ընկալում։ Պարբերաբար ախտահանեք ձեր ուղեղը դասական երաժշտությամբ, գրականությամբ։ Չախտահանված ուղեղով մի կարդացեք նորություններ, մի լսեք քաղաքական գործիչներին, Աղազարյան Հովիկին։ Վերջինիս ընդհանրապես մի լսեք։

Պահպանեք մեկ պարսեկ հեռավորություն դիվանային վերլուծաբաններից և հանրային խորհուրդների նախագահներից։ Բացառեք առանց դիմակի շփումը և ընդհանրապես շփումը որևէ մեկին անվերապահ աջակցողների հետ։

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ, մի սարքեք կուռքեր, մի ատեք այլ համաքաղաքացիների, մի կերեք ջուջուլներ, լատինական տառերով հայերեն մի գրեք, տորրենտով ֆիլմեր քաշելուց հետո տորրենտ կլիենտը մի փակեք։ Դրանով կփրկեք միլիոնավոր կյանքեր:

Մի խորշեք փոխել ձեր տեսակետը, եթե նոր փաստեր եք հայտնաբերել, որ խոսում են այդ տեսակետի դեմ։ Մի օգտագործեք միայն պաշտոնական կամ ամբոխի կողմից ընդունվող տեսակետներ: Մի կառչեք հին տեսակետներին միայն նրա համար, որ չեք ուզում ընդունել ձեր նախկին սխալները։ Մի վստահեք շառլատաններին ու ապաշնորհներին։ Մի լայքեք ձեր գրած ստատուսները։ Ջուրը վերջում քաշեք։ Ազդանշան մի տվեք, օգտվեք թարթիչներից, գազավատ մի արեք, մի ճռռացրեք։

Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր մտածում և դատում են։ Հավատացեք, այդ հատկանիշները հակահամաճարակային կանոններից կարևոր են։ Վերջիններս առաջինների առկայության դեպքում ինքստինքյան չեն խախտվի։ Սիրեք զմիմյանս, գրեք հայատառ, մի կիրառեք CAPS LOCK-ն անտեղի, մի կիսվեք ձեզ ֆիլմերի հերոսների կամ հին հունական աստվածությունների հետ համեմատող ծրագրային հավելվածներով, օգտվեք ձեր խոնարհ ծառայի պատրաստած և համանուն հասցե ունեցող կայքում ներկայացված ստեղնաշարերից, մակրոսներից, էլեկտրոնային գրքերից։ Մի հարձակվեք հակառակ կարծիք արտահայտողի վրա, վաղը նույն անձի աչքերին նայելու առիթ գուցե առաջանա։ Հավատացեք, հուսացեք, խորհեցեք, աղոթեք, ապաշխարհեք։ Լավ օրեր կգան։ Հալբաթ։

Ovanitas



Նման նյութեր