Ֆեյսբուքյան իր էջում լրագրող Արծրուն Կոստանդյանը գրել է.
«Երեսպաշտությունն իհարկե սահմաններ չի ճանաչում, բայց այն, ինչին ականատես ենք վերջին ավելի քան 2 տարում…
Ճարահատված ժողովրդի անտարբեր, հուսառատ կամ կասկածամիտ հայացքի ներքո վարչապետի պաշտոնին հայտնված մեկը, որն ամենօրյա ռեժիմով ցնցում է պետականության, իրավունքի, օրինականության հիմքերը, այսօր զարմանում է մարդկանց անկարգապահությունից ու պատմական 500-ամյա էքսկուրսներ է փորձում կատարել՝ իբր թե բացատրելու կամ հասկանալու իր տեսածի պատճառները։
Բայց արժե՞ այդքան հետ գնալ։ Ավելի հեշտ չէ՞ երկու տարվա կտրվածքով քննել իրավիճակը, ու եթե դա բարդ է կամ ժամանակատար կամ աննպատակահարմար՝ հիշել ընդամենը երեք խոշոր դրվագ՝ մասնակի իշխանափոխությունից հետո։
2018-ի հոկտեմբերի 2, երբ համակիրների զանգված փողոց հանելով՝ ուղղակի և բռի ճնշում բանեցվեց օրենսդիր իշխանության նկատմամբ։
2019-ի մայիսի 19-20, երբ կոչ արվեց, ապա նաև քիչ թե շատ հաջողությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը։
Ու վերջապես՝ երբ ամեն անհաջողության պատճառ նշանակվեցին Սահմանադրական դատարանն ու իր նախագահը, և շտապելուց ու չարությունից շնչահեղձ լինելով՝ մարզերում քարոզչություն իրականացվեց այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը միայն կորոնավիրուսի դեմ պայքարով էր զբաղված։
Մանր-մունր ատելության ու թշնամանքի սոցցանցային և իրական սերմանումն ու հայհոյախոսությունն ու պոռոտախոսությունն էլ՝ չհաշված
«Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն»,-խոսքերն ասողը մի քանի թեթև ճշգրտում պետք է անի. թավիշ ասելով երևի շուշաթուղթ է հասկանում, հեղափոխություն ասելով էլ՝ ոստիկանների գրեթե անգործության պայմաններում մատը արյունոտ վիրակապով փաթաթելն ու վերջապես նախագահական նստավայր հասնելը։
«Մեզ» ասելով եթե իրեն ու իր հետ քայլածներին նկատի ունի, մի գուցե և ճիշտ է հնչում՝ ազատություն՝ ամեն ինչ ասելու և անելու՝ ցանկացած պահի դրանք որպես հերոսության հասնող ձեռքբերում ներկայացնելով։ Իսկ եթե ուղղակի ազատություն, ապա ընդամենը ազատություն և ընկրկում ենք տեսնում բարոյական չափանիշներից, դաստիարակությունից, ազնվությունից ու ընդհանրապես՝ մարդ լինելուց։
Մի խոսքով, պետականությունը չեն քանդում ու դեմքի տարօրինակ արտահայտությամբ զարմանք ձևացնում, թե մենք էս ինչու ենք այսքան անկարգապահ՝ դիմակ չդնելու աստիճան»։