Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում
Advertisement 1000 x 90

Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում

Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց` Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի և շնորհակալություն հայտնեց կանոնները պահպանող քաղաքացիներին:

Հայաստանում հունիսի 13-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16 հազար 4 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 80 130  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 264 դեպք: Արձանագրվել է մահվան 91 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան